ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
«Սոճուտ» հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու Լոռու գեղատեսիլ բնությունը Հայաստանի ամենագեղեցիկ և հեքիաթային վայրերից մեկում՝ Դենդրոպարկում:
ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
«Սոճուտ» հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու Լոռու գեղատեսիլ բնությունը Հայաստանի ամենագեղեցիկ և հեքիաթային վայրերից մեկում՝ Դենդրոպարկում:
Դենդրոպարկ լատիներենից թարգմանած նշանակում է ծառայգի: Այգու տարածքի 17.5 հեկտարը բնական անտառ է, իսկ 15 հեկտարը՝ զարդանախշերով ծառեր։ Այն Հարավային Կովկասի առաջին անտառային ծածկույթն է, որը ձևափոխվել է զբոսայգու: Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, իսկ միջազգային ծրագրերի շրջանակում նաև աշխարհի այլ երկրներից: Ընդհանուր առմամբ փորձարկվել են ավելի քան 2500 բուսատեսակներ: Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ, այդ թվում՝ փշատերև և մշտադալար ծառեր:
Տարվա բոլոր եղանակներին Դենդրոպարկը գեղեցիկ է ու հրապուրիչ: Դենդրոպարկը կատարյալ վայր է ընտանիքով և մտերիմներով հանգստանալու համար: Կարելի է ժամերով շրջել ու չձանձրանալ այս դրախտային վայրում:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում:
Արդվի
Արդվի գյուղը գտնվում է Դեբեդ գետի բարձրադիր ձախափնյա սարավանդում, անտառապատ լեռան ստորոտում։ Այստեղ է գտնվում VIII-XVII դարերում կառուցված Արդվինի Սուրբ Հովհաննես, Սրբանես վանքը:
Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթող, տնտեսական և բնակելի շինությունների փլատակներ։
Այստեղ է թաղված հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին: Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Հ. Օձնեցին մահից հետո դասվել է սրբերի շարքը՝ որպես Սուրբ Հովհաննես Իմաստասեր։
Արդվիում է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։
Հաղպատ և Սանահին
Հաղպատը հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր է։ Այն հիմնադրվել է 976 թվականին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` 976-991թթ.-ին։
XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը, որտեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։
Սանահին վանական համալիրը X–XIII դարերում հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է եղել: Հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է 4-րդ դարում: Մեզ հասած համալիրը 966 թ-ին հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը: Վանքի գլխավոր տաճարը Ամենափրկիչ եկեղեցին է, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։
Հաղպատը և Սանահինին հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ և ամեն տարի գրավում բազմաթիվ միջազգային զբոսաշրջիկների և տեղացիների։
Լոռի Բերդ
Լոռի կամ Լոռե բերդը միջնադարյան անառիկ ամրոց է, որը գտնվում է Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա՝ Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից ժամանակին բերդն անմատչելի են դարձրել։
Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես 1005-1020 թթ.-ին։ 1065 թվականին Կյուրիկե Ա-ն Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Միջնադարյան Հայաստանում Լոռին եղել է խոշոր առևտրաարհեստագործական կենտրոն՝ կապված Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ:
Օձուն
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 303-313 թթ.-ին Տրդատ ΙΙΙ թագավորի կողմից և օծվել Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի 12 առաքյալներից մեկը՝ Թովմասը: Նա օծել է քահանաներ և եպիսկոպոսներ եկեղեցու տեղում (հենց օծել բառից է առաջացել Օձուն բառը), իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը:
Քոբայր
Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։ Ժամանակին վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից՝ շրջապատված պարսպապատերով:
Քոբայրի վանքը առավելապես հայտնի է եղել իր յուրօրինակ որմնանկարներով, որոնք զարդարել են նրա շինությունները։ Ցավոք պահպանվել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։